Մեր փոքրիկ ակնարկի հերոսը, ծնունդով վարդենիսցի, շնորհիվ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի սանի կարգավիճակի, վերջին չորս տարում արդեն երևանյան բնակություն հաստատած Սերգեյ Սիմոնյանն է` տասնյոթամյա պատանյակ, ում սրանից չորս, թե հինգ տարի առաջ իր ծննդավայրում հանդիպելու առիթն ունեցա:
Իսկ առիթն այդ բավականին նշանակալի էր. փոքրիկ Սերգեյը պատրաստվում էր մեջքին պառկած, արտակորում դեպի առաջ (պրես) վարժությունում նոր շտկում մտցնելու համաշխարհային ռեկորդների ցուցակում, ու այդ կապակցությամբ Վարդենիս էր մեկնել հայկական «Դյուցազնագրքի» հեղինակավոր կազմը` մրցումամրցավարական կազմի նույնքան հեղինակավոր անդամներով:
Չերկարացնենք: Ռեկորդը կայացավ: Պատանյակը կատարեց 7707 արտակորում` էապես գերազանցելով նախկինում սահմանված ցուցանիշը:
Ռեկորդները խոշոր հաշվով ոչ այլ ինչ են, եթե ոչ մարդու հնարավորությունների նոր բացահայտում: Սակայն սահման հատելն ու նոր բնագիծ նախանշելն ամեն մեկին տրված շնորհ չէ: Բացի այն, որ այստեղ պահանջվում են օրգանիզմի ֆիզիկական բացառիկ հատկանիշներ, պահանջվում են նաև մեծ կամք, նպատակասլացություն, համառություն, տքնաջան, ամենօրյա հետևողական աշխատանք, բնավորություն: Այն ժամանակ Սերգեյի մեջ զարմացնողն այս ամենի համատեղումն էր, ու դժվար չէր գուշակել, որ որակական այս հատկանիշները չկորցնելու դեպքում պատանյակը կարող է մեծ բաների հասնել:
Սերգեյի հետ իմ երկրորդ հանդիպումը կայացավ բոլորովին վերջերս: Տեղյակ էի, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում, 50 կգ քաշայինների մրցավեճում, հաղթող է դարձել տասնյոթամյա Սերգեյ Սիմոնյանը (մարզիչներ` Ալիկ Հովհաննիսյան, Մովսես Կարապետյան), բայց որ այդ Սերգեյը տարիներ առաջ իմ իմացած պատանյակն է, անկեղծ լինեմ, մտքովս չէր անցել: Հասակ էր առել, դարձել էր ջղուտ ու առնական, պահվածքը տարիքին երևի այնքան էլ ոչ հարիր մեծական էր: Նույնքան մեծական էին նաև դատողությունները, ու զուտ մարդկայնորեն չէիր կարող չուրախանալ, որ կողքիդ հասակ է առնում, նոր կյանք է շեմում մի պատանյակ, ով քո վաղվա օրվա հուսալի քաղաքացին կարող է լինել, ֆիզիկականի կողքին իր զարգացման վրա հետևողականորեն աշխատող մարդը, և ում` ում, գոնե ինձ համար դրանում անակնկալ չկար, որովհետև, եթե մարզիկն արդեն իսկ հասել է նրան, որ հայտնվել է ՀՀ երիտասարդականի գլխավոր մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի, նրանով իսկ նաև մեր լեգենդար մարզիկ, ՀՀ ազգայինի գլխավոր մարզիչ, հանրապետության վաստակավոր մարզիչ, Սեուլի օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի տեսադաշտում, արդեն իսկ ավելի քան խոսուն փաստ է, որովհետև հիշյալք մարդու բարձր որակի կրողներ են, ոչ միայն պարզապես մարզիչներ են, այլև երկրի այն քաղաքացիներից, ովքեր ապրում ու գործում են պատասխանատվության սեփական բեռի հստակ գիտակցմամբ ու արժանապատվությամբ, քաղաքացիականությամբ:
Սերգեյի այս վերջին նվաճումը նրա առաջին չեմպիոնությունը չէ: Մինչ այս ուժեղագույնն է եղել պատանիների շրջանում (46 կգ քաշային կարգ): Այդ կարգավիճակում էլ անցած տարի ելել է Եվրոպայի ու աշխարհի առաջնություն: Ճիշտ է, Եվրոպան ձախողել է, բայց աշխարհում հինգերորդը դառնալը քիչ բան չի նշանակում: Պարտություններն էլ կամ հարաբերական անհաջողությունները նույնպես մարդուս ուղեկից անխուսափ բաներ են, որոնց վրա ուժեղն ավելի է ուժեղանում, թույլը նահանջում է ու հետ քաշվում: Ամենակարևորն այն է, որ Սերգեյ Սիմոնյանի մարզական կենսագրությունում առյուծի բաժին է սկսում կազմել միջազգային մրցահարթակներում հաղթելը, և մեր պատանյակը դա վստահորեն արել է թե՛ Պարսկաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Սերբիայում, թե՛ Հայաստանում: Այս աշխարհագրությունը հարկավ գնալով ավելի ընդլայնվելու է (մեկ-երկու ամսից Ռումինիայում մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը), հաղթանակներն ավելի ծանրակշիռ են դառնալու, երկրպագուներս նրա անունով տևական ժամանակ ենք ուրախանալու, որովհետև այս տղան հաղթողին անհրաժեշտ ամեն ինչ ունի` թե ֆիզիկական տվյալներ, թե բնավորություն, կամք ու համառություն: Իսկ շատ ավելի կարևորը` հաղթողի հոգեբանություն: Այնպես որ, լավ մտապահեք այս անուն-ազգանունը` Սերգեյ Սիմոնյան: Նա մեզ հպարտանալու դեռ շատ առիթներ կտա:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ